Մեծ քայլ ներառականության ոլորտում

Մեծ քայլ ներառականության ոլորտում

Մեծ երազանքներ ունեցողների համար սահմաններ գոյություն չունեն։ Այս գաղափարի հենքի վրա շուրջ ութ տարի առաջ ստեղծվեց «Պար առանց սահմանների» նախագիծը։ Գեղագիտության ագզային կենտրոնի և Բրիտանական խորհրդի այս համատեղ նախաձեռնությունը մի աներեւակայելի եւ հիմնավոր փոփոխություն էր ներառական արվեստի ոլորտում։ Ծրագրի շրջանակում ԳԱԿ Փոքր թատրոնը հիմնեց Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը։ Դրա հիմնադրման եւ զարգացման գործում կառուցողական նշանակություն ունեցավ Միացյալ Թագավորության «Կանդուկո» առաջատար պարային ընկերության հետ սերտ համագործակցությունը։

Հայաստանում ներառական արվեստի այս լավագույն փորձն այսօր իրացման և իր շուրջն ավելի շատ մարդկանց համախմբելու հնարավորություն ունի։ Գեղագիտության ագզային կենտրոնի և Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ բացվել է Կատարողական արվեստների ներառական ուսումնական կենտրոնը, որն իր տեսակով միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Կենտրոնը դառնալու է ալընտրանքային կրթության նոր բազմաֆունկցիոնալ հարթակ բոլոր ցանկացողների համար՝ հնարավորություն տալով առանց խոչընդոտների ռեալիզացնել սեփական կարողություններն ու կատարողական արվեստի ոլորտում իրականացնել մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ «Կանդուկո» առաջատար պարային ընկերության մասնագետներն առցանց դասընթացներ են իրականացրել՝ իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով ոլորտի հայ մասնագետներին։ Արդյունքում մշակվել է նաև դասավանդման մեթոդաբանությունն ու ծրագիրը։

Ներառական մասնագիտական կենտրոնը Երևանի կենտրոնից դուրս է գտնվում՝ Շենգավիթ վարչական շրջանում։ ԳԱԿ տնօրեն Վահան Բադալյանի խոսքով՝ սա շատ կարևոր քայլ է արվեստի ապակենտրոնացման գործում։ Նա վստահ է, որ այն նոր շունչ կմտցնի այս համայնքում։

Կանդուկոյի արտիստիկ տնօրեն Շառլոթ Դարբշիրը շատ կարևոր է համարում, որ կենտրոնն ունենալու է ինչպես սկսնակների, այնպես էլ միջին և մասնագիտական խմբեր՝ հնարավորություն ընձեռելով իրենց ներուժն իրացնել տարբեր կարողություններ ունեցող անձանց։

ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալլագերը կենտրոնի բացումը շատ կարևոր ու դրական ազդակ է համարում հասարակության մյուս անդամների համար և ուրախ է, որ ՄԹ-ը հնարավորություն ունի իր փորձը ներդնել Հայաստանում այս ոլորրտը զարգացնելու ուղղությամբ։

No Comments

Post A Comment