CREAVIVA.ստեղծել՝ ապրելով

CREAVIVA.ստեղծել՝ ապրելով

Շվեյցարական Պաուլ Կլեե Կենտրոնում (Zentrum Paul Klee) գործող <<Creaviva>> մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ երեխաներին ոչ թե սովորեցնում են արվեստի «այբուբենը», այլ օգնում են արվեստը տեսնել ու ճանաչել և սեփական ստեղծարարության միջոցով բացահայտել դրա անսահմանությունը։ <<Creaviva>>-ում սովորում են խաղալով և խաղում են արվեստով։ Այստեղ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ։

Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում հոկտեմբերի 15-ին բացառիկ հնարավորություն էր՝ հանդիպելու <<Creaviva>> մանկական թանգարանի տնօրեն Պիա Լեդրախին (Pia Lädrach) և արվեստագետ, թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթին (Franz Brülhart)։ Նրանք ներկայացրեցին թանգարանի գործունեությունը, հիմնական ծրագրերն ու կրթական մոտեցումները, վերջում էլ մասնակիցների համար գործնական դաս անցկացրեցին։

Պիա Լեդրախն առանցքային կարևոր նմանություններ տեսավ <<Creaviva>> թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի առաքելությունների ու գործունեության միջև։ Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։

Պիա Լեդրախը և Ֆրանց Բրուլհարթը եղան նաև Գեղագիտության ազգային կենտրոնի արվեստի ստուդիաներում և տեղում քննարկումներ ունեցան իրենց հայ գործընկերների հետ։ 2022թ-ին նրանք կրկին գալու են Երևան՝ արդեն ավելի ընդգրկուն ծրագրով։

<<Creaviva>> մանկական թանգարանի ներկայացուցիչների այցն իրականացվեց Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021-ի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի դեսպանատան հետ համագործակցությամբ:

No Comments

Post A Comment