Մեկ քայլ առաջ ներառականության ոլորտում

Մեկ քայլ առաջ ներառականության ոլորտում

Ներառականությունը ԳԱԿ նոր ռազմավարության առաջնահերթություններից է և շարունակական ջանքերի ու աշխատանքների արդյունքում այն աստիճանաբար ներմուծվելու է Կենտրոնի գործունեության բոլոր ուղղություններում։ 2013թ․-ին Բրիտանական Խորհրդի նախաձեռնած «Պար առանց սահմանների» նախագծի շրջանակում ԳԱԿ Փոքր թատրոնը հիմնեց Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ ներառական պարային խումբը՝ դառնալով Հայաստանում այս ոլորտում խոշոր փոփոխությունների լավագույն տեսանելի օրինակը։ Դրա հիմնադրման եւ զարգացման գործում կառուցողական նշանակություն ունեցավ Միացյալ Թագավորության «Կանդուկո» առաջատար պարային ընկերության հետ սերտ համագործակցությունը, որը շարունակվում է առ այսօր։ Հիմնադրումից մինչ օրս պարային խումբը ստեղծել է վեց տարբեր ներառական բեմադրություններ, որոնք ավելի քան հարյուր անգամ ներկայացվել են Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում եւ Շոտլանդիայում։ Ծրագրի շուրջ դրական արձագանքն ու պետական մակարդակով հետեւողական քննարկումները հանգեցրին Հայաստանում պարային ուսուցման ներառական կենտրոնի ստեղծման անհրաժեշտությանը՝ որպես Հայաստանում ներառական արվեստի զարգացման լավագույն ձեւաչափ։ Կենտրոնի ստեղծման աշխատանքներին ընդառաջ Գեղագիտության ազգային կենտրոնը՝ Բրիտանական Խորհրդի աջակցությամբ, առցանց հանդիպում է կազմակերպել «Կանդուկո» պարային ընկերության հետ։ Վերջինիս մասնագետներն ու արտիստները ԳԱԿ տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին և ներառական պարային խմբի անդամների հետ քննարկել են Հայաստանում այս ոլորտում տարվող աշխատանքները, ներկայացրել իրենց փորձը, քննարկել համագործակցության քայլերը։ Այս ձևաչափով շարունակական հանդիպումների արդյունքում ստեղծվելու են այն կրթական ձևաչափերն ու մեխանիզմները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանում պարային ուսուցման ներառական կենտրոնը։

No Comments

Post A Comment