Կիզակետ․ Մեղրի / Անսահման արվեստ սահմանին

Կիզակետ․ Մեղրի / Անսահման արվեստ սահմանին

Գեղագիտության ազգային կենտրոնն իր Մեղրու մասնաճյուղում ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 30-ից օգոստոսի 15-ն իրականացրեց արվեստի տարբեր ուղղություններով վարպետության դասերի շարք։ «Կիզակետ․ Մեղրի» խորագրով նախագիծը երեք շաբաթ սահմանային Մեղրին դարձրեց արվեստի անսահմանության շուրջ զրույցների հանդիպատեղի։ Ստեղծվեցին լուսանկարչության, ֆիլմարտադրության, գեղարվեստական տպագրության, գրաֆիկական դիզայնի, ճարտարապետության և գրականության արվեստանոցներ, որտեղ հրավիրված մասնագետները տեսական և գործնական դասերի միջոցով փորձեցին ոչ միայն նոր գիտելիքներ փոխանցել, այլև փոխել տեղի բնակիչների առօրյան, օգնել նրանց ավելի ուշադիր լինել շրջապատում տեղի ունեցող երևույթների նկատմամբ և իրենց հուզող հարցերին նայել նոր դիտանկյուններից։ Արդյունքում ստեղծվեց 7 ճարտարապետական նախագիծ, 80-ից ավելի գրաֆիկական դիզայնի, 25 գրաֆիկական տպագրության և 73 լուսանկարչական աշխատանք, 5 վավերագրական կարճամետրաժ ֆիլմ։ Նախագծի շրջանակում հիմնվեց նաև շապիկների և պայուսակների արտադրություն, գործարկվեց «Մեղրագիր» գրական բլոգը, իսկ գրաֆիկական դիզայնի աշխատարանի մասնակիցներն էլ ստեղծեցին Մեղրի քաղաքի տարբերանշանը։ Նախագծի ավարտին մասնակիցներին շնորհվեցին վկայականներ։

«Կիզակետ․ Մեղրի» նախագծի շրջանակում տրվեց հայ-իրանական լայնածավալ մշակութային ծրագրի մեկնարկը։ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը ԳԱԿ Մեղրու մասնաճյուղին նվիրաբերեց երաժշտական համակարգ, վիդեոպրոյեկտոր և էկրան, ցուցադրվեց կենտրոնի գործունեության մասին պատմող ֆիլմ։ Այս նոր համագործակցության արդյունքում ԳԱԿ Մեղրու մասնաճյուղը կվերածվի երկու երկրների մշակութային և կրթական ծրագրերի իրականացման ակտիվ հարթակի։

Մեղրիում է գտնվում Գեղագիտության ազգային կենտրոնի ամենահեռավոր ստորաբաժանումը։ Նախագծի նպատակը ոչ միայն Երևանից ավելի քան 370 կմ հեռավորության վրա գտնվող սահմանային այս քաղաքում մշակութային կյանքն ակտիվացնելն ու տեղի բնակչության հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելն էր, այլև, առաջին հերթին, մշակույթն ու արվեստը մայրաքաղաքից ապակենտրոնացնելը։ Սա Գեղագիտության ազգային կենտրոնի առաջնահերթություններից մեկն է, որի իրագործման առաջին կանգառը հենց ՀՀ ամենահեռավոր կետերից մեկն էր։ «Կիզակետ․ Մեղրի» նախագիծը ևս մեկ անգամ ցույց տվեց այն բացերը, որ կան Մեղրիում արվեստային կրթության ոլորտում։ Նախագիծն այդ ամենի վրա ուշադրություն հրավիրելու և լուծման ճանապարհներ որոնելու նպատակ ուներ։ Սա առաջին քայլն էր, որն ունենալու է իր շարունակությունը՝ նոր գաղափարների և  նախաձեռնությունների տեսքով։

 

No Comments

Post A Comment