Ինքնաճանաչում՝ հայրենաճանաչությամբ

Ինքնաճանաչում՝ հայրենաճանաչությամբ

«Ինքնաճանաչում. Էրեբունի» լայնածավալ նախագիծն աշխատանքային նոր փուլ է մտել։ ԳԱԿ մասնագետների ուղեկցությամբ Կենտրոնի սաները շուրջ մեկ ամիս այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, լսել դասախոսություններ, մասնակցել խաղ-էքսկուրսիաների, ծանոթացել թանգարանի և մասնաճյուղերի ներուժին։ Այժմ մեկնարկել է էսքիզային փուլը։ Այցելություններից ոգևորված՝ մասնակիցների մոտ ակտիվ ստեղծագործական շրջան է, որի ընթացքում նրանք մշակում են իրենց աշխատանքների էսքիզները։ «Սա հնարավորություն է տալիս նրանց ոչ միայն նկարել այն, ինչից տպավորվել են, այլև մտածել, թե իրենց ստացած նոր տեղեկություններն ինչպես կարող են կիրառել ստեղծագործական պրոցեսում»,-ասում է կրթական ծրագրերի փորձագետ, «Ինքնաճանաչում. Էրեբունի» նախագծի պատասխանատու-համակարգող Սոնա Հովհաննիսյանը։ Էսքիզային փուլի ավարտից հետո մասնակիցները կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով աշխատանքներ են ստեղծելու՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։ Առաջիկայում սպասվում են այցեր նաև Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրեր։

No Comments

Post A Comment