Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ 1981թ. հիմնադրվեց Մանկական Ֆիլհարմոնիան, որի նպատակն էր մասնագիտական ճիշտ ուղու վրա դնել մանուկների երաժշտական և պարային դաստիարակության գործը: Ստեղծվեցին հանրապետությունում առաջին մանկական հայ ավանդական ծեսերի ու պարերի «Տավրոս», «Մարաթուկ», «Հասկեր» և «Գորանի» համույթները: Միաժամանակ ստեղծվեցին «Աշխարհի ժողովուրդների պարերի», հայկական ժողովրդական պարերի «Հայկական Զարդանախշեր» անսամբլները, ժողովրդական նվագարանների «Հայեցի», «Տալվորիկ» վոկալ-գործիքային, «Սիմֆոնիկ-էստրադային», «Կամերային լարային» և «Հարվածային դասական» նվագախմբերը: Հետագա տարիներին հիմնվեցին դասական և ժամանակակից պարերի ստուդիաները, «Ջեզլ» և «Վաղորդյան կաթիլներ» ջազ երգչախմբերը, ինչպես նաև Lևոն Մալխասյանի «Ջազ տրիոն»:
Ֆիլհարմոնիայի պատերի ներքո հանրապետությունում ստեղծվեց առաջին մանկապատանեկան «Սիմֆոնիկ Նվագախումբը», որը ՄԱԿ-ի կենտրոնակայանում և Նյու-Յորքի «Կարնեգի հոլում» իր փայլուն ելույթներով հիացրեց բազմահազար ունկնդիրների: Ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով հանդես են եկել հանրապետության ողջ տարածքում, Խորհրդային Միության հանրապետություններում: Նրանցից շատերը հայ ինքնատիպ արվեստը ներկայացրել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլն: