Կերպարվեստ և դեկորատիվ Կիրառական Արվեստ

Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանումը ընդգրկում է հետևյալ արվեստանոցները՝ ասեղնագործություն, բատիկ (նկարչություն մետաքսի վրա), գեղանկարչություն, տպագրություն, փայտի փորագրություն, քանդակագործություն, օրիգամի, գորգագործություն և կարպետագործություն, տիկնիկների պատրաստում:
Կենտրոնի գոյության տարիների ընթացքում ստորաբաժանումը կազմակերպել է ավելի քան 60 միջազգային ցուցահանդեսներ, կյանքի կոչել տարբեր ծրագրեր, ինչպես նաև իրականացրել համագործակցություն տարբեր կազմակերպությունների հետ, որի արդյունքում կազմակերպվել են ցուցադրություններ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (Ֆրանսիա, Ռուսաստան, Բելգիա, ԱՄՆ, Ուկրաինա, Անգլիա, Ավստրիա, Գերմանիա եւ այլն):

Ստորաբաժանման ուսուցիչները  կարևորում են ստեղծագործական ակտիվ գործընթացը, գեղարվեստական ղեկավարի և մանկավարժի մտահաղացումների նորարարությունը, մանուկների և երիտասարդների գեղագիտական դաստիարակությունը: Ուսումնա-ստեղծագործական գործընթացում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում համատեղ կատարված աշխատանքները և նախագծերը, որոնք կրում են կրթական և դաստիարակչական բնույթ:

Sona-Banoyan

ՍՈՆԱ ԲԱՆՈՅԱՆ

Սոնա Բանոյանը ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան արվեստի ուսումնարանը: 1996 թ. Բուդապեշտում Սոնան մասնակցել է «Տեքստիլային տեխնոլոգիաներ և վերականգնում» միջազգային դասընթացների: Սոնա Բանոյանը բատիկի և գոբելենի մեծ վարպետ է, փայլուն տիրապետելով արվեստի այս ոճերի կանոններին և յուրահատկություններին՝ տարիներ շարունակ փոխանցում է իր գիտելիքները երեխաներին, սերմացնելով սեր արվեստի հանդեպ և զարգացնելով երեխաների մեջ ստեղծագործական ոգի: Նրա աշխատանքները ցուցադրվել են Սարդարապատի ազգային թանգարանում («Սարդարապատ» նախագիծ՝ բատիկների շարք, կատարված Գեղագիտության ազգային կենտրոնի Սոնայի սաների կողմից), Ժամանակակից արվեստի թանգարանում Երևանում, ՀՀ մշակույթի նախարարության և նկարիչների միության, ինչպես նաև Ռուսաստանի մշակույթի նախարարության արվեստի հիմնադրամներում: Սոնայի անհատական ցուցահանդեսները կազմակերպվել են Մոսկվայում, Երևանում, Ֆրանսիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Սիրիայում, Լիբանանում և Իսրայելում: Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Susanna-Ghazaryan

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

ԳԱԿ-ի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման մանկավարժ 1988-ից: 1984-ին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը ավարտելուց հետո մասնակցել է Հայաստանում և արտասահմանում մի շարք ցուցահանդեսների: Իր սաների աշխատանքներով մասնակցել է ԳԱԿ-ում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների, որոնցից կարևորագույներն են` Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ցուցահանդեսը (2001 թ.), Ավստրիայի Հալլեին քաղաքում կազմակերպված ցուցահանդեսը (2006 թ.), Հենրիկ Իգիթյանի կողմից առաջարկված Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին նվիրված նախագիծը 2009 թ. միավորվեց Ղազարյանի անհատական կազմած ծրագրին Սայաթ-Նովա և Նահապետ Քուչակ թեմայով և կազմակերպվեց ցուցահանդես «Զենքով պաշտպանված մշակույթ» խորագրով: Ղազարյանի սաների աշխատանքները տեղ են գտել հետևյալ ալբոմներում և գրքերում` «Հայկական հեքիաթներ», “Волшебный мир сказок”, Հ. Թումանյանի «Հեքիաթները», «Եղիցի լույս», «Մանկական Աստվածաշունչ», «Սասունցի Դավիթ»:

Vardanysh-Ghazaryan

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՂԱԶԱՐՅԱՆ

ԳԱԿ-ի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման մանկավարժ 2007 թվականից: 1987 թվականին Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը ավարտելուց հետո մասնակցել է Հայաստանում և արտասահմանում մի շարք ցուցահանդեսների: Դասավանդում է  նաև Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 2000 թվականից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է: Իր սաների աշխատանքներով մասնակցել է Ավստրիայի Հալլե քաղաքում կազմակերպված ցուցահանդեսի (2006 թ.): 2007 թվականին ցուցահանդեսին մասնակցած Ղազարյանի սաների աշխատանքները տեղ գտան “Волшебный мир сказок” գրքում:

Mary-Harutyunyan

ՄԵՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դպրոցական տարիներին հաճախել է ԳԱԿ-ի ստուդիա-քոլեջի ասեղնագործության բաժինը: Ավարտել է «Ատեքս» Նորաձևության կենտրոնի մոդելավորման դասընթացը, այնուհետև` Երեվանի Գեղեցիկ Արվեստների Ակադեմիայի արդուզարդի դիզայնի բաժինը: 1994-ից աշխատել է ԳԱԿ-ում որպես մանկավարժի օգնական, իսկ հետագայում` որպես նկարչության և ասեղնագործության մանկավարժ: Լինելով ստուդիա-քոլեջի սան` մասնակցել է տարբեր տարիներին կազմակերպված ցուցահանդեսների` ասեղնագործ աշխատանքներով. «Գյուղացին ու արջը», «Փերի աղջիկը» հեքիաթների հիման վրա արված աշխատանքներով, հայկական գորգերի և կարպետների զարդանախշերով արված աշխատանքով, ասեղնագործ պաննոյով` «Դանիելը առյուծների գբում», որը վերցված է Ախթամարի Սբ. Խաչ եկեղեցու հարթաքանդակներից, նաև Նահապետ Քուչակի «Հայրեններ»-ի հիման վրա արված նախագծի, որից հետո «Ավետում» ասեղնագործ աշխատանքով, «Լոռեցի Սաքոն» պոեմի հիման վրա ասեղնագործությամբ և Նոր կտակարանի կազմի ձևավորմամբ: Խմբի երեխաներն իրենց աշխատանքներով մասնակցել են կազմակերպված բոլոր ցուցահանդեսների` նվիրված հայոց պատմությանը, հոգևոր տոներին, բնապահպանական խնդիրներին, կենդանիների պաշտպանությանը, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված և մի շարք այլ ցուցահանդեսների, որոնց շրջանակներում նաև խրախուսվել են պատվոգրերով:

Satenik-Kandayan

ՍԱԹԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ-ԿԱՆԴԱՅԱՆ

Ճարտարապետ, նկարիչ, մանկավարժ, արվեստաբան: ՀՀ Նկարիչների միության անդամ, Արվեստագիտության թեկնածու: 1985թ-ից աշխատում է ԳԱԿ-ում: Իր գրաֆիկական, գեղանկարչական, դեկորատիվ-կիրառական (գոբելեն, բատիկ) աշխատանքներով մասնակցել է Հայաստանում, Գերմանիայում, Շվեցարիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում կազմակերպված թվով շուրջ 35 ցուցահանդեսների:
Խմբի սաների հետ արված աշխատանքները (գեղանկար, գրաֆիկա, փակցանկար, կոլաժ, ապակենկար, գոբելեն, բատիկ, ասեղնագործ, տիկնիկներ, շարժվող ծավալներ) առանձնանում են նորարարությամբ, առաջադրանքի իմաստա-բովանդակային մեկնաբանությամբ, ստեղծագործական միջոցների բազմազանությամբ, տարբեր արվեստների (կերպարվեստ, գրականություն, երաժշտություն, թատրոն) արտահայտչամիջոցների միասնական օգտագործմամբ: Կարևորագույն ցուցահանդեսներն են` «Տոնական Երևանը» – 10 մասերից բաղկացած փակցանկար՝ գեղանկարչական աշխատանքներ (1988 թ.), «Սասունցի Դավիթ” – 12 մասերից բաղկացած փակցանկար (1990 թ.), «Հորոսկոպի նշանները» – բատիկ աշխատանքներ, «Համբարձում» փակցանկար-վարագույր (1999 թ.), Հայկական հեքիաթների և Աստվածաշնչի թեմաներով արված գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ «Հովհաննես Թումանյանի հեքիաթները» ալբոմում (1999 թ.), «Աստվածաշնչի թեմաներով» 7 մասերից բաղկացած ապակե նկարներ (2000 թ.), «Հեքիաթների նկարազարդում» գեղանկարչական աշխատանքներ (2002 թ.), «Կիլիկիա» – Կիլիկիա նավի ծավալային պատկերի պտույտը և դրան զուգահեռ հնչող «Կիլիկիա» երգի պատկերահնչունային ներդաշնակություն ստեղծող նախագիծ (2008 թ.), «Հայկական այբուբենը» – Սուրբ Երրորդությունը խորհրդանշող այբբենական հավասարակողմ եռանկյունու ցուցադրություն` ուղեկցվծ Մեսրոպ Մաշտոցի աղոթք-դիմումով, «Մսուրք» – Սուրբ Ծնունդի թեմաներով տարածական ծալովի գրաֆիկական կոմպոզիցիա:

Gayane-Mikaelyan

ԳԱՅԱՆԵ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Ավարտել է Խ.Աբովյանի անվ. Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչական ֆակուլտետը: Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրից Գայանեն աշխատել է այստեղ, առանձնակի ազատության զգացումով ու խենթ նվիրումով: Այստեղ ձևավորվել, մշակվել և զարգացել են նրա գեղագիտական ընկալումը, մանկավարժական նպատակները և աշխարհայացքը: Նրա խմբի սաների աշխատանքները մասնակցել են հրաշալի ցուցահանդեսներին աշխարհի բազմաթիվ հեղինակավոր ցուցասրահներում՝ Վաշինգտոնում, Նյու-Յորքում, Բեռլինում, Ժնևում, Հռոմում, Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Արգենտինայում և այլն, ինչպես նաև ԳԱԿ-ում կազմակորպված բոլոր նախագծերի: Նրանցից կարևորագույններն են՝ ցուցահանդեսներ և դասախոսություններ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում (1988 թ.), «Երեխաների միջաազգային արվեստի հետազոտում» կոնֆերանս, Նյու-Յորք, ԱՄՆ (1991 թ.), երեխաների արվեստի ինչպես նաև անհատական աշխատանքների ցուցահանդես Լոնդոնում (1996 թ.), պատերի ձևավորում SOS մանկական գյուղում, Հայաստան (1998 թ.), «Երեխաների միջաազգային արվեստի հետազոտում» Կոնֆերանս և ցուցահանդես ԱՄՆ-ի ազգային ակադեմիայի արվեստի դպրոցում (1999 թ.), «Հայկական արվեստ» ցուցահանդես, Փարիզ, Ֆրանսիա (2003 թ.):

Anush-Mikaelyan

ԱՆՈՒՇ ՄԻՔԱԵԼՅԱՆ

 

Նկարչության մանկավարժ: Դպրոցական տարիներին հաճախել է ԳԱԿ-ի ստւդիա-քոլեջը: Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժինը: Մասնակցել է ԳԱԿ-ի բազմաթիվ ցուցահանդեսների և նախագծերի սկզբում որպես ԳԱԿ-ի աշակերտ, հետագայում՝ իր խմբի աշակերտների աշխատանքներով:

Gohar-Mirzoyan

ԳՈՀԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ

Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի նկարչա-գծագրական բաժինը: Գոհարը 1981 թ.-ից աշխատում է ԳԱԿ-ի ստուդիա-քոլեջում, որպես նկարչության և ասեղնագործության մանկավարժ:
Սաների աշխատանքները ցուցադրվել են և խմբակային և անհատական ցուցահանդեսներում, ինչպես նաև արտերկրում`Ասեղնագործ պաննոներ` ըստ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու հարթաքանդակների (Մարաշի հարթակար և հյուսվացքակար) (1985-1988 թթ.), Նահապետ Քուչակի հայրենների հիման վրա արված ասեղնագործ աշխատանքներ, ինչպես նաև նախագիծ` ֆանտաստիկ կենդանիներ, թռչուններ, ձկներ (1988-1990 թթ.), Թումանյանի «Լոռեցի Սաքո», «Անուշ» պոեմների, ասեղնագործ զարդանախշ պանոների, այբուբենի, Նոր կտակարանի գրքի կազմի, Աստվածաշնչյան, ինչպես նաև հորոսկոպի նշանների թեմաներով ասեղնագործ աշխատանքներ (1990-1993 թթ.), ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսներ տարբեր թեմաներով (1999, 2013 թթ.). Նրա խամբի սաների աշխատանքները տպագրվել են Հ.Իգիթյանի կողմից կազմված գրքերում և ալբոմներում:

Lusine-Mkhitaryan

ԼՈՒՍԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. Մանկավարժական ինստիտուտը: 2002թ-2010թ աշխատել է ՍՕՍ-Մանկական գյուղում (գ.Կոտայք) որպես ասեղնագործության խմբակի ղեկավար: 2006 թ-ից Լուսինեն աշխատում է ԳԱԿ-ի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիա-քոլեջում: Կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ: 2002թ. Պատմա-բանասիրական հանդեսի թիվ 3/161 համարում տպագրվել է «Հայակական միջնադարյան զարդարվեստը որպես ազգային տեքստիլ տեխնոլոգիաների ամրագրման միջոց» հոդվածը (համահեղինակ Ս.Գալֆայան): 2010թ. ստեղծել է «Մարաշի ասեղնագործության գաղտնիքները» գիրքը: 2016 տպագրվել է Լուսինեի «Հայկական ասեղնագործ ժանյակ» գիրքը: 2003 թվականից ՀՀ Ժողովրդական վարպետ է: Կարևորագույն նախագծերն են՝ «Հայկական կերպար» (ներկայացված է հայկական ասեղնագործության ամբողջ նրբությունը , նախշերի բարդությունը և բազմազանությունը, օգտագործված են այսօր արդեն հազվադեպ հանդիպող կարատեսակներ` Մարաշի հյուսքակար ասեղնագործություն, հայկական ժանյակ, նաև լայն տարածում ունեցող շղթայակարը, ցողունակարը, եղևնակարը, ռոկոկոն, օղակարը, հարթակարը և այլն), «Գորգ-ասեղնագործություն» (ասեղնագործվող կարատեսակները ստեղծվել են կրկնօրինակելով քանդակային զարդանախշերը՝ հայկական խաչքարերը, եկեղեցական քանդակները), «Տիկնիկ-ծաղկամաններ» (ասեղնագործ տիկնիկներ, որոնք ունեն կիրառական դեր` դեկորատիվ ծաղկամաններ են):

Anna-Sarukhanyan

ԱՆՆԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Լինելով ԳԱԿ-ի նախկին սան Աննան չի դադարել հաճախել կենտրոն՝ նույնիսկ, Խ.Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետում ուսանելու ժամանակ: Փոքրիկները հիացնում են Աննային իրենց համարձակ գունազգացողությամբ, ռիթմիկ գույնի և գծի հերթականությամբ, կոմպոզիցիոն ճշգրիտ ընկալումներով: Աննան կարծում է, որ մանկավարժի դերը վերոհիշյալ որակների պահպանումն է և դրանց զարգացման խթանումը: Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր երեխա անկախ իր նախասիրություններից առնչվի գեղեցիկին, ուշադիր լինի շրջակա բնության նկատմամբ, որոշակիորեն տեղեկացված լինի իր նախնիների պատմությանը: Դասընթացների ընթացքում անց են կացվում տարբեր խաղեր, որոնք զարգացնում են գիտակցությունն ու երևակայությունը, ինչպես նաև խթանում ազատ ստեղծագործելու ունակությունը:

Enzelia-Shakharyants

ԷՆԶԵԼՅԱ ՇԱԽԱՐՅԱՆՑ

Մասնագիտությամբ՝ ճարտարապետ: Աշխատել է Մոսկվայի նախագծային ինստիտուտում: 1992-ից ԳԱԿ-ի Մոնումենտալ գեղանկարչության ստւդիայի ղեկավար: Ղեկավարվում է սկզբունքով, որ երեխայի Ես-ի և նկարչության հանդեպ ունեցած սիրո ներքին կապը չափազանց էական է: Կարևորագույնը՝ բացահայտվելու, ինքնաարտահայտվելու, ստեղծագործական երևակայությունը, գույների հնչեղությունը, ինչպես նաև մանկական անմիջական երևակայության, զարմանալու և ուրախանալու ունակության պահպանումն է:
Արվեստանոցի մասին պատմող տեսանյութը դիտեք այստեղ:

Margarita

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԱՏՈՒԼՅԱՆ

Քանդակագործության ուսուցիչ: Մարգարիտան ավարտել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան: 2014 թվականից Մարգարիտան աշխատում է ԳԱԿ-ի կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ստուդիա-քոլեջում: Մարգարիտան մասնակցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում՝ Նյու Յորքում (ԱՄՆ), Բեյրութում (Լիբանան), Կոպենհագենում (Դանիա), ինչպես նաև Հայաստանի նկարիչների միության կողմից կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսների: 2010 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է:

karine_piliposyan

ԿԱՐԻՆԵ ՓԻԼԻՊՈՍՅԱՆ

Տիկնիկագործ, օրիգամիստ: «Դիզայներների միություն» միջազգային ասոցիացիայի անդամ, «Հիկարի» հայ-Ճապոնական գիտամշակութային կենտրոնի նախագահ, ամենամյա միջազգային «Խաղաղության լապտերներ» խորագրով ակցիայի կազմակերպիչ : Շուրջ 15 տարի աշխատում է ԳԱԿ-ի կերպարվեստի ստորաբաժանման օրիգամիի (թղթի ծալվածքներից հավաքված տարբեր առարկաներ ստեղծելու ճապոնական արվեստ) խմբակի ուսուցչուհի: Խմբի սաներին սովորեցնում է օրիգամի պատրաստելու տարբեր ձևերին և եղանակներին: Աշխատանքի ընթացքում օգտագործվում է նաև խառը տեխնիկա՝ ապլիկացիա, կվիլինգ, կիրիգամի:

anahit_site

ԱՆԱՀԻՏ ԵՐԻՑՅԱՆ

Անահիտը ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական բաժինը: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների: 1992 – 1997 թթ. աշխատել է Գեղագիտության ազգային կենտրոնում, այնուհետև՝ Մալաթիայի հայորդյաց տանը որպես ավագ մանկավարժ: 2008 – 2014 թթ. աշխատել է Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնում որպես դիզայներ՝ ձևավորելով երկհատորյա Հայաստանի ազգային ատլասը, Երևանի և Արցախի ատլասները և այլն: 2016 թվականից կրկին վերադարձել է ԳԱԿ, որտեղ և վարում է տիկնիկագործության և գեղանկարչության արվեստանոցը: Հայաստանի նկարիչների միության անդամ է:

Ani

ԱՆԻ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

Բանասեր-թարգմանիչ, ազգագրագետ: Դասավանդում է Ազգագրություն առարկան 6-10 տարեկան սաներին՝ հետաքրքիր և ընկալելի, հաճախ ազգագարական խաղերի միջոցով: Ազգագրության հիմնական աղբյուրները հայ ժողովրդի կողմից ստեղծված բանավոր մշակույթը և գլխավոր հիշատակարաններն են: Սաները ծանոթանում են հայ ժողովրդի բանավոր ստեղծած ազգագրական նյութերին՝ երգ, պար, հեքիաթ, առակ-ասացվածք, հանելուկ, կենցաղ, տարազ, նիստ ու կաց, բարքեր, սովորություններ, հավատալիքներ, լեգենդներ, ավանդապատումներ, հերոսապատումներ, առասպելներ: Դասերի ընթացքում երկխոսության միջոցով հղկվում է երեխայի լեզուն, միտքը, տրամաբանական խոսքը: Ազգագրություն առարկան նպաստում է նկարչական և ստեղծագործական հմտությունների կիրառմանը, նաև կարևոր նշանակալից տեղն ունի նկարչական ծրագրերի, նախագծերի, մրցույթ-ցուցահանդեսների ստեղծման գործում. հատկապես եթե նախագծերը արտացոլում են հայ ժողովրդի ազգային սովորությունները, ծիսակատարությունները և այլն:

Դիմորդի հայտ՝ արվեստի ստուդիաներ հաճախելու ցանկություն ունեցող երեխաների համար: Ընտրեք ուսուցչին և լրացրեք ստորև ներկայացված հայտը: