ՀԱՎԱՔԱԾՈՒ

Հայկական բաժին

Թանգարանի դահլիճներից մեկում ցուցադրված է Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա կատարված նկարների շարքը, մյուսում՝ «Սասունցի Դավիթ » էպոսի թեմաներով նկարազարդումները: Մեկ այլ ցուցադրություն նվիրված է Եվրոպայի օրվան, որտեղ ներկայացված են պատկերներ Եվրոպական հեքիաթներից, այդ երկրեների հերոսները և ճարտարապետական կառույցները, ինչպիսին են՝ Վենետիկի Սանտա Մարիա դելլա Սալյուտե տաճարը, Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը, Լոնդոնի Բիգ Բենը, Փարիզի Աստվածամոր տաճարը, Կոպենհագենի Տիվոլի զբոսայգին և այլն: Հաջորդ սենյակում կարելի է տեսնել Քրիստոսի ծննդյանը նվիրված նկարազարդումներ և բատիկ ստեղծագործություններ, ինչպես նաև Նոյան տապանը պատկերող խեցեգործական աշխատանքներ: Առաջին հարկի վերջին դահլիճում գտնվում են կիրառական և դեկորատիվ արվեստի նմուշներ՝ ասեղնագործություն, բատիկ, կարպետ, մետաղական աշխատանքներ, փայտի և քարի փորագրություն և խեցեգործություն:

Դեկորատիվ կիրառական արվեստի բաժին

Թանգարանի դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնի հավաքածուն թվաքանակով ամենահարուստն է: Թանգարանի այս բաժնում ներկայացված են «Նոյան Տապան», «Սասունցի Դավիթ», «Բաբելոնի աշտարակ», «Սարդարապատի հաղթանակի օր» խեցեգործական նախագծերը: Այս հատվածի ցուցադրումը ներառում է նաև բատիկներ կատարված աստվածաշնչի և էպոսների հիման վրա, փայտե, մետաղական և քարե նմուշներ, գոբելեններ, ասեղնագործություն, կարպետներ:

Արտասահմանյան բաժին

Միջազգային բաժնի հավաքածուն հարստացված է աշխարհի ավելի քան 130 երկրների երեխաների ստեղծագործություններով: Այս աշխատանքները թանգարանը ստացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Մշակույթի նախարարության և Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտեի կողմից: 1980 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ Մոսկվայում ներկայացվեց մանկական ստեղծագործությունների միջազգային ցուցահանդես, որը կազմակերպել էր Հենրիկ Իգիթյանը: Ցուցադրության ավարտից հետո լավագույն աշխատանքները փոխանցվեցին Երևանի Մանկական ստեղծագործության թանգարանին, քանի որ դա միակ վայրն էր, որտեղ այս աշխատանքները կարող էին ցուցադրվել: Անգլիացի երեխաների նկարները թանգարանին նվիրաբերել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Հարոլդ Ուիլսոնը՝ 1976 թ. Խորհրդային Միություն կատարված այցի ընթացքում: Իսպանիայի մանուկների նկարները նվիրաբերվել են Խորհրդային Միությունում Իսպանիայի դեսպանի կողմից: Հավաքածուն պարբերաբար  թարմացվում է արտասահմանյան երկրների պատվիրակությունների օժանդակությամբ: