Գյումրիի Գեղագիտական կենտրոնը հիմնադրվել է 1978 թ. Գեղագիտության ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, արվեստաբան Հենրի Իգիթյանի առաջարկով որպես Լենինականի ժողկրթբաժնի մանկական պատկերասրահ: Պատկերասրահի տնօրեն նշանակվեց գեղանկարիչ, այժմ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սուսաննա Մկրտչյանը, ով մինչև օրս ղեկավարում է այն: 1983 թ-ից. պատկերասրահը մտել է ԳԱԿ-ի կազմի մեջ որպես մասնաճյուղ: Կենտրոնում գործում են նկարչության, ասեղնագործության, կարպետագործության, թատերական, դիզայնի, համակարգչային դիզայնի, ժամանակակից և դասական պարի, երգչախբային և ազգային երգեցողության բաժինները, որտեղ դասավանդում են մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող մանկավարժներ: 36 տարուց ավելի յուրաքանչյուր տարի կենտրոնի տարբեր խմբեր են հաճախում 3-18 տարեկան 300-400 սաներ ոչ միայն Գյումրի քաղաքից, այլև Շիրակի մարզի գյուղերից:
Կենտրոնի նպատակն է երեխաների մեջ արթնացնել սեր առ գեղեցիկը, զարգացնել նրանց գեղագիտական ճաշակը: Կենտրոնի սաների ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի շատ երկրներում` արժանանալով մրցանակային տեղերի և խրախուսանքների: