ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոն

Մեկնարկում է Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնին մասնակցության առցանց հայտերի ընդունումը։
Ընթացակարգի և դիմելու մանրամասները ներկայացված են  հղման մեջ։
Հիշեցնենք, որ Համահայկական մանկապատանեկան նկարչական ամենամյա մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 6-18 տարեկան արվեստասեր և ստեղծագործական շնորհք ունեցող հայ մանուկներ և պատանիներ ամբողջ աշխարհից։
Հայտերն ընդունվում են մինչև Հուլիսի 15-ը:

ԳԱԿ Փոքր թատրոնը՝ բրիտանական պարբերականի դիտակետում

Ովքե՞ր են Երևանի երիտասարդ ստեղծագործողները։ Ի՞նչն է նրանց մղում նոր ձևերի ու բովանդակության փորձարկման՝ չվախենալով տարատեսակ սահմաններից ու պատնեշներից։ Բրիտանական հեղինակավոր The Calvert Journal պարբերականը զրուցել է վեց հայ երիտասարդ արվեստագետների հետ՝ բացահայտելով նրանց անցած ճանապարհը, ստեղծագործելու ազդակներն ու հիմնական թեմաները։ The Calvert-ն իր ընթերցողներին է ներկայացրել նաև ԳԱԿ տնօրեն, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանին։

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

«Այլազանություն»

Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մայիսի 15-ին կբացվի «Այլազանություն» խորագրով լայնածավալ ցուցահանդեսը։ «Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»-ին ընդառաջ այն նախաձեռնել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը՝ Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։ Մինչև հուլիսի 5-ը ԳԱԿ թանգարանում կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող 40 լեհ արվեստագետների 59 աշխատանքներ: Ցուցահանդեսի համադրողներն են Գեղարվեստական տպագրության երևանյան Երկրորդ և Երրորդ բիենալեի միջազգային ժյուրիի նախագահ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի դոկտոր, պրոֆեսոր Մատեուշ Օտրենբան և «Գեղարվեստական տպագրության Առաջին միջազգային բիենալե, Երևան 2017»-ի Առաջին մրցանակակիր Տոմաշ Վինյարսկին։ «Այլազանություն» ցուցահանդեսի նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության շուրջ մասնագիտական հետաքրքրության խթանումը, միևնույն ժամանակ այսօր գեղարվեստական տպագրության միջազգային դաշտում գործող արվեստագետներին և կիրառվող տարատեսակ տեխնիկաների հնարավորությունները հայ հանդիսատեսին ներկայացնելն է։

«Ինքնաճանաչում. Էրեբունի»

«Ինքնաճանաչում. Էրեբունի» լայնածավալ նախագիծն աշխատանքային նոր փուլ է մտել։ ԳԱԿ մասնագետների ուղեկցությամբ Կենտրոնի սաները շուրջ մեկ ամիս այցելել են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան, լսել դասախոսություններ, մասնակցել խաղ-էքսկուրսիաների, ծանոթացել թանգարանի և մասնաճյուղերի ներուժին։ Այժմ մեկնարկել է էսքիզային փուլը։ Այցելություններից ոգևորված՝ մասնակիցների մոտ ակտիվ ստեղծագործական շրջան է, որի ընթացքում նրանք մշակում են իրենց աշխատանքների էսքիզները։ «Սա հնարավորություն է տալիս նրանց ոչ միայն նկարել այն, ինչից տպավորվել են, այլև մտածել, թե իրենց ստացած նոր տեղեկություններն ինչպես կարող են կիրառել ստեղծագործական պրոցեսում»,-ասում է կրթական ծրագրերի փորձագետ,  «Ինքնաճանաչում. Էրեբունի» նախագծի պատասխանատու-համակարգող Սոնա Հովհաննիսյանը։ Էսքիզային փուլի ավարտից հետո մասնակիցները կերպարվեստի զանազան տեխնիկաներով և արվեստի ժամանակակից ուղղություններով աշխատանքներ են ստեղծելու՝ ներկայացնելով պատմական այդ շրջանի սեփական մեկնաբանությունը։ Առաջիկայում սպասվում են այցեր նաև Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրեր։

«Ապրողները» Խաչվող հայացքներ

Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում (հասցե` Աբովյան 13) մարտի 23-ից գործում է «Ապրողները» խորագրով ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են հինգ երիտասարդ ֆրանսիացի և հայ լուսանկարիչների աշխատանքները:

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության շրջանակում։

Մուտքն ազատ է:

Պատմություն

1970թ․ մարտի 13-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ հետագայում վերանվանվելով Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի: Հիմնադիրները արվեստաբան Հենրիկ Իգիթյանը եւ մանկավարժ Ժաննա Աղամիրյանն էին։ Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում: Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն:

Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը, որն ի սկզբանե որպես պատկերասրահ բացվեց մի փոքրիկ ցուցահանդեսով, հետագայում ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։ Թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։

Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք ծառայեց Գեղագիտության ազգային կենտրոնի (ԳԱԿ) ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։

 

Առաքելություն

Ստեղծման առաջին իսկ օրից Կենտրոնը դարձավ հայ մանուկների և պատանիների՝ արվեստի բոլոր ճյուղերին և, ընդհանուր առմամբ, մշակույթին մերձենալու, նրանց ստեղծագործական շնորհքն ու նախասիրությունները բացահայտելու և զարգացնելու կառույց։ Իր մարզային մասնաճյուղերի հետ միասին այն երկար տարիներ միակն էլ մնաց։ Այս Կենտրոնում ուսանած և կրթված սաներից շատերը երեկվա և այսօրվա Հայաստանի մշակութային ու մտավորական դաշտի ներկայացուցիչներ են։

Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել լայնախոհ ու բարձրակարգ արվեստագետ-դասավանդողներ, վարպետներ և մշակույթի ու արվեստի գործիչներ։ Արդեն հիսուն տարի նրանք կրթում և ուղղություն են տալիս իրենց սաներին՝ դրանով իսկ նպաստելով ոչ միայն մանուկների ու պատանիների մշակութային գրագիտության, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, այլև հայաստանյան մշակութային դաշտի ընթացիկ և հետագա ձևավորմանն ու լիարժեք կայացմանը։ Ի սկզբանե Կենտրոնը կտրականապես հրաժարվել է բոլոր դոգմատիկ մեթոդաբանական ձեռնարկներից և ծրագրերից, որոնք ոչ մի աղերս չունեին երեխաների և իրական արվեստի հետ։ Կառույցը ծնվել և շարունակում է ապրել որպես մի փորձարարական լաբորատորիա՝ իրականացնելով իր բարձր հոգևոր առաքելությունը։

Ունենալով մանկական գեղագիտական կենտրոնի ուղղվածություն՝ Կենտրոնի առաքելությունը մշտապես եղել է կրթամշակութային դասավանդման միջոցով հայ մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նրանց ստեղծագործական հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, արվեստասեր և ստեղծագործող սերունդներ դաստիարակելու գործընթացին, մանկական ստեղծագործունեության դաշտում միջազգային կապերի հաստատմանը նպաստելը։

 

Կոնցեպտ

Գեղագիտության ազգային կենտրոնը ողջ հանրապետությունում տարեկան ավելի քան 1600 երեխաների անվճար կրթությամբ է ապահովում՝ արվեստի տարբեր ճյուղերում։

Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերը ներառում են արվեստի տարբեր ուղղություններ՝ ժամանակակից արվեստ, կատարողական արվեստ, պարարվեստ։

Գեղագիտության ազգային կենտրոնի ներքո գործում են՝

  • ԳԱԿ թանգարանը,
  • «Փոքր Թատրոնը»,
  • «Մետրո» թատրոն-ստուդիան,
  • Մանկական ֆիլհարմոնիան,
  • Ազգային նվագարանների 7-ամյա երաժշտական դպրոցը:

/կառույցների մասին մանրամասները՝ տեքստի վերջում/

Հիմնադրման օրվանից ԳԱԿ-ն իր գործունեությամբ մեծ աշխուժություն է մտցրել հայաստանյան մշակութային կյանքում։ Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների աշխատանքի արդյունքն են՝

  • կայուն պարբերականությամբ կազմակերպվող ցուցահանդեսները, որոնք ներկայացնում են մանկական արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում (Սիմպոզիում և ցուցահանդես Նյու-Յորքում՝ նվիրված Հայաստանում գեղագիտական դաստիարակությանը (1991թ․), հայ մանուկների ստեղծագործությունների ցուցահանդես Վաշինգտոնի համաշխարհային բանկում (1999-2000թթ․), ցուցահանդես Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանում (2000թ․), ցուցադրություն Հռոմում (2000թ․), շրջիկ ցուցահանդես Նյու-Յորքում, Չիկագոյում, Միլուոքիում` նվիրված Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին (2001-2002թթ․), Աստվածաշնչյան թեմաներով ցուցահանդես Ֆրանսիայի Մարսել քաղաքում՝ «Ֆրանսիայում Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում (2007թ․) և այլն),
  • ստեղծվող նորարարական ներկայացումները, որոնք հայաստանյան թատերական դաշտում առանձնանում են իրենց տարբերվող բեմադրություններով։ Փոքր թատրոնն արժանացել է «Արտավազդ» ազգային թատերական մրցանակի («Խելագարի հիշատակարանը» (2007 թ.), «Օֆելիայի ստվերների թատրոնը» (2008 թ.), «Ne me quitte pas/ Մի լքիր ինձ» (2015 թ.)), մասնակցել է կատարողական արվեստի մի շարք հեղինակավոր միջազգային փառատոնների և արժանացել բազմաթիվ մրցանակների, ներկայացումները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում,
  • որակյալ հրատարակությունները, որոնք մանկական պատկերազարդումներով նոր կյանք են տվել սիրված գրքերի («Աստվածաշունչ», «Սասունցի Դավիթ», «Հովհաննես Թումանյան. Հայկական հեքիաթներ» և այլն), առաջին անգամ շքեղ տպագրությամբ անդրադարձ է կատարվել հայազգի տարբեր արվեստագետների (Մինաս, Վրույր, Էմիլ Գազազ և այլն), տպագրվել են մի շարք պատկերագրքեր՝ ներկայացնելով Կենտրոնի մեծ նախագծերն ու համագործակցությունները («Ճապոնիան հայ երեխաների աչքերով» (2011թ.), «Տիեզերք» (2012 թ.), «Հենրիկ Իգիթյան. Մոլորակ ստեղծողը» (2012 թ.), «Սիրո ուժն է անհաղթ» (2012-2016 թթ.)  և այլն),
  • կազմակերպվող համերգները, որոնք նպաստում են ազգային նվագարանների, երգ ու պարի հանրահռչակմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում (տարբեր տարիներին Մանկական ֆիլհարմոնիայի կոլեկտիվները համերգային ծրագրերով ներկայացել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Իտալիայում, Դանիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում)։

Գեղագիտության ազգային կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերում (Գյումրի, Սևան, Գորիս, Մեղրի, Վանաձոր)՝ տեղի մանուկներին ու պատանիներին առաջարկելով արվեստային կրթություն, աշխուժություն մտցնելով տեղի մշակութային կյանքում։

ԳԱԿ-ն առանձնակի ուշադրություն է հատկացնում սահմանամերձ շրջաններում և բնակավայրերում ստեղծագործական, ուսումնական և կրթամշակութային եղած հարթակները վերագործարկելու և նորերը ստեղծելու գործընթացին։ Այդ են վկայում առաջիկայում Տավուշի մարզում ստորաբաժանումներ հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ ստեղծելու ԳԱԿ Բերդ և ԳԱԿ Դիլիջան։

 

Տեսլական

2020թ-ին ամփոփելով Կենտրոնի 50-ամյա գործունեությունը՝ Կենտրոնն իր աշխատանքները վերսկսել է նոր ռազմավարությամբ ու տեսլականով։ ԳԱԿ տնօրեն է նշանակվել բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԿ Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը։ Հավատարիմ մնալով ԳԱԿ հիմնադիր Հենրիկ Իգիթյանի տեսլականին և հետևելով ժամանակակից աշխարհի մոտեցումներին՝ Կենտրոնն ընդլայնել է գործունեության շրջանակն ու իր ծառայություններն է առաջարկում ոչ միայն երեխաներին, այլև արվեստով ու արվեստային կրթությամբ հետաքրքրված բոլոր անձանց՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներառականության լիարժեք ապահովմանը։ Ինչպես կրթամշակութային ծրագրերում, այնպես էլ, առհասարակ, իր ողջ գործունեության մեջ, Կենտրոնը մեծ ուշադրություն է հատկացնում ժամանակակից արվեստի ոլորտի ներմուծմանը։

Այդ նպատակով նախկինում Մանկական արվեստի թանգարանն անվանափոխվել է ԳԱԿ թանգարանի՝ վերածվելով արվեստային բազմապրոֆիլ հարթակի։ Մշտական ցուցադրությանը զուգահեռ այստեղ տարվա կտրվածքով անցկացվելու են ժամանակավոր, շրջիկ, մանկական, մարզային մասնաճյուղերի (հաշվետու), միջազգային, հոբելյանական ցուցահանդեսներ։ Թանգարանը բաց հարթակ է լինելու երիտասարդ արվեստագետների համար, դառնալու է արվեստի գործիչների մշակութաբանների, արվեստի քննադատների, հրապարակախոսների ակտիվ գործող հանդիպատեղի։

Գեղագիտության ազգային կենտրոնն, ի դեմս Փոքր թատրոնի, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ներառականության խնդիրը։ Ներառականության ներմուծումն առավել քան շեշտադրված է լինելու ԳԱԿ առաջիկա գործունեության բոլոր ուղղություններում՝ թանգարան, հիմնական կրթական ծրագրեր, արվեստային հարթակներ և այլն։ Ներառականությունը Կենտրոն մտնելու է համաշխարհային փորձը հաշվի առնելով և տարիների ընթացքում ձեռք բերած գործընկերների հետ համագործակցությամբ։ Այդ մասով առաջիկա քայլերից է լինելու Երևանում տարբեր կարողություններով անձանց պարային ուսուցման կենտրոնի ստեղծումը՝ որպես Հայաստանում ներառական արվեստի զարգացման լավագույն ձեւաչափ։

Ընթացքի մեջ են նաև Մետրո կատարողական արվեստի կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Կենտրոնն իր ճարտարապետական լուծումներով առաջին կառույցն է դառնալու Հայաստանում, որն իսկապես ամեն ինչով մատչելի է լինելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։ Վերջիններս այստեղ կարողանալու են առանց որևէ դժվարության լինել ինչպես հանդիսատեսի շարքերում, այնպես էլ որպես կատարող արտիստ ներկայանալու են բեմից։ Մետրո կատարողական արվեստի կենտրոնում ներկայացվելու են թատերական բոլոր ուղղությունները։ Այն հարթակ է դառնալու երիտասարդ արվեստագետների համար, ովքեր ունեն ասելիք, բայց չունեն այն մշակելու և ներկայացնելու տարածք։ Փոքր թատրոնի փորձի հիման վրա ստեղծվելու է ներառական ուսումնական կենտրոն։ Այստեղ նույն հարթակի վրա հավասար պայմաններով ստեղծագործելու և հանդես են գալու  հաշմանդամություն ունեցող և չունեցող արտիստները։

ԳԱԿ-ը շատ է կարևորում միջազգային համագործակցությունը, դրա շրջանակում հայ և օտարերկրյա ճանաչված մասնագետների մասնագիտական շփումն ու փորձի փոխանակումը։ Այդ մասով Կենտրոնն իր ուսումնա-ստեղծագործական տարբեր ճյուղավորումներով ակտիվ գործող հարթակ է դառնալու իր սաների, հայ և օտարերկյա արվեստագետների միջև հանդիպումների անցկացման և վարպետության դասընթացների կազմակերպման համար։

 

Աջակցեք ԳԱԿ-ի ցուցահանդեսներին և նախագծերին